Տնային Տելեառողջապահական ծառայությունների և շարժական էլ. առողջապահության զարգացում Հայաստանում
Հայաստանում է-առողջապահության և առողջապահական ՏՀՏ –ի ռազմավարական զարգացման ծրագրերում հատուկ տեղ է տրվում անլար տեխնոլոգիաների կիրառմանը՝ պացիենտների հեռահար բժշկական մոնիտորինգի և առողջապահական այլ խնդիրների համար: Հեռահար տնային առողջապահական ծառայությունները (Home telehealth) բացառիկ հնարավորություններ են ընդձեռում պացիենտների որոշակի խմբերի առողջական վիճակի պահպանման, քրոնիկ հիվանդների բժշկական հսկողության և բուժօգնության որակի բարելավման համար: Մեր օրերում “Բջջային տելեառողջապահությունը” (mHealth) ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, որպես առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ամենախոստումնալից ոլորտներից մեկը:
2012թ. հունիսին ՏԲՀԱ-ի գործընկերների շարքը համալրեցին տելեառողջապահական և բջջային առողջապահական (mHealth) սարքավորումներ արտադրող ֆիննական MegaKoto, և mHealth ծառայություններ տրամադրող հոլանդական Mobile Cardio ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցությունը նպատակաուղղված է Հայաստանի սրտաբանական կլինիկաներում բջջային ԷՍԳ-տելեմոնիտորինգի համակարգի զարգացմանը և ներդրմանը: Համակարգը բաղկացած է կենտրոնական սերվերից, որոնք կապված են սրտաբանական կլինիկաներում տեղակայված աշխատակայաններին, ինչպես նաև փոքրածավալ շարժական մեկ արտածմամբ ԷՍԳ-գրանցող սարքից, որը Bluetooth-ի միջոցով միանում է հատուկ ծրագրային ապահովումով օժտված Անդրոիդ սմարտֆոնին: ԷՍԳ-գրանցող սարքից տվյալները հաղորդվում են սմարտֆոնին, որը իր հերթին դրանք ներբեռնում է սերվեր՝ լայնաշերտ շարժական ինտերնետային կապի միջոցով: Մոնիտորինգային աշխատակայանը իրական ժամանակում սերվերից ստանում է ազդանշանները (պացիենտի ԷՍԳ-ն), որոնք պատկերվում են խոշոր LED մոնիտորների վրա: Այսպիսով, աշխատակայանի մասնագիտացված բուժանձնակազմը 7/24 ռեժիմով անընդմեջ հսկում է պացիենտների ԷՍԳ տվյալները:
Միաժամանակ, պացիենտների բուժող բժիշկները կարող են մուտք գործել սերվեր և տեսնել հիվանդի ԷՍԳ-տվյալները՝ ինչպես live-ռեժիմով, այնպես էլ նախկինում գրանցված և պահպանված, ցանկացած պահի, օգտվելով ինտերնետին միացած ցանկացած սարքից: Այսպիսով, համակարգը թույլ է տալիս, որ սրտային խնդիրներ ունեցող ցանկացած անձ լինի շուրջօրյա էլեկտրասրտագրական հսկողության տակ, այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է, առանց նրա շարժունակության կենսական ակտիվության սահմանափակման:
Այս պահից ի վեր այսպիսի գերժամանակակից տեխնոլոգիան հասանելի կլինի նաև Հայաստանի ազգաբնակչությանը: Արդեն իսկ ավարտված են նախնական տեղակայման աշխատանքները (ներառյալ՝ սերվերի, մեկ մոնիտորինգային աշխատակայանի տեղակայումը հանրապետության առաջատար սրտաբանական կլինիկաներից մեկում), համակարգի տեստավորման պիլոտային ծրագիրը՝ սրտաբանական հիվանդների ներգրավմամբ, և ծրագիրը մտնում է գործնական շահագործման փուլ:
News & Events
2015-05-21
2015 թվականի մայիսի 20-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական օր՝ Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-ENA)» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցում էին ծրագրի աշխատանքները համակարգող Պառնաս համալսարանի (Հունաստան), Վառնայի տեխնիկական համալսարանի (Բուլղարիա), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (Հայաստան), Տելեբժշկության հայկական ասոցիացիայի, ինչպես նաև Հայաստանում «ERASMUS PLUS» ծրագրի ազգային գրասենյակի պատվիրակները:
Միջոցառումը վարում էր Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Tempus-ի «Կենսաբժշկական ճարտարագիտական կրթությունը արևելյան հարևանության տարածաշրջանում (BME-EMA)» ծրագրի տեղային աշխատանքների համակարգող Գեորգի Չալտիկյանը:
Միջոցառման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել «Կենսաբժշկական ճարտարագիտություն» նոր եվրոպական համատեղ մագիստրոսական ծրագիրը, որը մեկնարկելու է 2015 թվականի սեպտեմբեր ամսին: Ծրագիրը մշակվել է Եվրոպական միության 7 երկրների (Հունաստան, Բելգիա, Իտալիա, Լեհաստան, Սլովենիա, Բուլղարիա և Ռումինիա) առաջատար համալսարանների հետ համատեղ: Ծրագրի մեջ ընդգրկված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, ինչպես նաև Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի համալսարաններ: Այն թույլ կտա ուսանողներին ուսումը շարունակել եվրոպական գործընկեր երկրներում, ինչպես նաև կրթություն ստանալ Հայաստան ժամանած լավագույն մասնագետների մոտ: Մագիստրոսական կրթական ծրագրի ավարտից հետո ուսանողներին տրամադրվելու է եվրոպական գործընկեր համալսարանների համատեղ դիպլոմ:
Միջոցառման սկզբում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռ.Աղգաշյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ողջ կառուցվածքն ու ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում Պատրայի համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության կրթական ծրագրի տնօրեն, BME-EMA ծրագրի համակարգող պրոֆեսոր Նիկոլաս Պալիկարակիսը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալող կողմին՝ ներկայացրեց կենսաբժշկական ճարտարագիտության կրթության հեռանկարները և ծրագրի առավելությունները:
Տելեբժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Գեորգի Չալտիկյանը ներկայացնելով իր ղեկավարած կազմակերպության կառուցվածքն ու գործունեությունը, խոսեց նաև կենսաբժշկական ճարտարագիտության նոր համատեղ մագիստրոսական ծրագրի և Հայաստանում այդ ծրագրի իրագործման մասին:
Այնուհետև շահագրգիռ կողմերը հանդես եկան ելույթներով, որի ընթացում յուրաքանչյուրն իր հերթին ներկայացրեց «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտության ուսուցումը և լաբորատոր պայմանները:
Միջոցառումն ավարտվեց թեմային առնչվող հարցերի քննարկմամբ, որի ընթացքում նախագծում ընդգրկված փորձագետները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող մի շարք հարցերի:
|